Մեր հինգ զգայարանների մեջ, թվում է, թե հոտառությունն ունի ուղիղ կապ հիշողությունների և էմոցիաների հետ։ Ժյուլյենը հավատում է, որ մեր հոտառական հիշողության համակարգն ամենահզորն է։ «Երբ ես մտածում եմ իմ մանկության հիշողությունների մասին, առաջինը գալիս են զգացմունքների հետ կապված հոտերը, հետո տեսնում եմ պատկերները և վերջում լսում եմ ձայնը կամ երաժշտությունը»,— ասում է նա։ Ըստ Ժյուլյենի՝ մեր քիթը միշտ արթուն է, նույնիսկ երբ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, այն զգայությունները դրոշմում է մեր ուղեղի ամենախորը անկյուններում։
Ժյուլյեն Ռասկինեն բավական ուշ է հասկացել, որ իր կոչումը օծանելիք ստեղծելն է, և դա տեղի է ունեցել հայտնի պարֆյումեր Պիեռ Բուրդոնի բնազդի շնորհիվ։ Վաղ տարիքից Ժյուլյենը ստեղծագործական արվեստի մեջ գտել էր իր զգացմունքներն ու մտքերը հաղորդելու միջոց։ Նա սիրում էր նկարել, գծագրել, թատրոնի և տիկնիկների համար հագուստներ ստեղծել։ Սակայն միայն բիզնես դպրոցն ավարտելուց հետո նա բացահայտեց այն, ինչը դառնալու էր իր կիրքն ու մասնագիտությունը։